ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը ֆեյսբուքեան իր էջում գրել է․

«Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինուորնե՛ր,

Զինակից ընկերնե՛ր,

Նւիրեալ կամաւորնե՛ր,

Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիւութեամբ ընթանում են ծանր մարտեր:

Հրետակոծութեան են ենթարկւել քաղաքացիական բնակավայրերը, ներառեալ` մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ազգն ու Հայրենիքը վտանգւած են. վտանգւած է մեր քաջ հայորդիների արեան գնով ազատագրւած սեփական հողի վրայ ազատ, անկախ ու արժանապատիւ կերպով ապրելու եւ արարելու իրաւունքը:

Ուստի, յատուկ նշանակութեան ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ` իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդէն առաջնագծում աւելի արժէքաւոր կը լինեմ, քան` թիկունքում:

Կոչ եմ անում բոլորիդ` անյապաղ ոտքի կանգնել եւ անմնացորդ նւիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրաւունքը:

Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պէտք է յաղթենք իւրաքանչիւրի առաւելագոյն մասնակցութեամբ ու նւիրումով:

Ես հաւատում եմ ձեր ոգու արիութեանը եւ բազկի ուժին:

Լինե՛նք արժանի մեր Մեծ նախնիներին, բոլոր նրանց, ովքեր դարեր առաջ, Սարդարապատում, Մեծ հայրենականում, Արցախեան ազատամարտում, 2016 թւականի Ապրիլեան պատերազմում, 2020 թւականի Յուլիսեան մարտերում իրենց կեանքն են զոհաբերել, որպէսզի մեր մայրերի, քոյրերի, զաւակների իւրաքանչիւր առաւօտ խաղաղութեամբ բացւի, որպէսզի նրանց իւրաքանչիւր ժպիտ արժանապատւութեամբ ու հպարտութեամբ լցւի:

Լինե՛նք պատասխանատու մեր ներկայ ու գալիք սերունդների առջեւ, որպէսզի թոյլ չտանք դարաւոր թշնամուն կրկին ցեղասպանել մեզ եւ եաթաղան ճօճել մեր գոյութեան ու արժանապատւութեան գլխին, որպէսզի հնարաւորութիւն ու իրաւունք ընձեռենք մեր գալիք սերունդներին լինելու եւ արարելու յաւէտ սեփական հողի վրայ ու սեփական արժէքներով:

Մենք բազում յաղթանակներ ենք տարել եւ ստեղծել ենք կազմակերպւած ու մարտունակ, տարածաշրջանում հզօր ու յաղթանակած բանակ: Հայոց բանակն այսօր ազգային միասնականութեան եւ համախմբման կենդանի մարմնացումն ու առանցքն է:

Այժմ կրկին ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգեղէն հայրենական պարիսպ, որին կը բախւեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կը շպրտւեն գլխակորոյս կերպով:
Վստահ եմ, որ դուք էլ էք կիսում իմ մտահոգութիւններն ու համոզմունքները, որ դուք էլ էք դաւանում այն համազգային ու համամարդկային արժէքները, յանուն որոնց պէտք է կանգնենք անկոտրում ու անվարան կերպով:

Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին յաղթելու ենք:


Ձեզ հետ եմ մինչեւ ՅԱՂԹԱՆԱԿ:
Ի զե՛ն:
Պատիւ ունենք»: